ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ապրիլյան տույժ-տուգանքների վերանայման հարցով բանակցում ենք Արցախի բանկերի հետ![]() 29 ապրիլի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Առաջնագծում գտնվող քաղաքացիների խնդիրները բանկերի հետ կառավարության ուշադրության ներքո են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում: Նրա խոսքով, քառօրյա պատերազմը զգալի ազդեցություն է գործել նաև Արցախի տնտեսության վրա՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Անուղղակի ազդեցություններից մեկը պայմանավորված է մասնակի զորահավաքի արդյունքում առաջնագիծ մեկնած՝ հատկապես մասնավոր հատվածի աշխատողների վարկերի սպասարկման հետ: «Մասնավորապես, տեղեկություններ կան, որ որոշ բանկեր այս ամսվա ընթացքում քաղաքացիներից պահանջել են բնականոն սպասարկել վարկերը, այնինչ այդ քաղաքացիների մի մասը գտնվում է առաջնագծում և, աշխատանքը թողելու պատճառով, ամսվա ընթացքում գրեթե եկամուտ չի ունեցել: Այս խնդիրները գիտակցելով՝ կառավարությունն այժմ բանակցություններ է տանում Արցախում ներկայացված բանկերի ղեկավարության հետ, որպեսզի ապրիլի ընթացքում առաջացած տույժ-տուգանքները վերանայվեն, և հատկապես մասնավոր հատվածում աշխատող ու այս օրերին առաջնագծում կանգնած քաղաքացիները խնդիրներ չունենան իրենց վարկերի սպասարկման հետ»,- գրել է Բեգլարյանը: Նա նշել է, որ մոտակա օրերին ավելի մանրամասն կտեղեկացնեն վերջնական լուծումների մասին: «Հուսամ՝ բանկերը ևս գիտակցում են դիրքապահների գործի կարևորությունը և համապատասխան կերպով կընդառաջեն նրանց»,- ասել է մամուլի խոսնակը: Ապրիլի 8-ին Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչներին: «Կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն»,- գրել է Բեգլարյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |