ԱՄՆ կոչը ԼՂ հակամարտության կողմերին` վերադարձեք բանակցություններին

ԱՄՆ կոչը ԼՂ հակամարտության կողմերին` վերադարձեք բանակցություններին

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման նախաձեռնությունը:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար». մեջբերում է Ամերիկայի Ձայնը:

Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ նշելով.

«Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»:

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին Մարկ Թոներն արդեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---