ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն ՀՀ՝ դիտարկելու ստանձնած պարտավորությունների կատարումը![]() 10 մայիսի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլին և իտալացի Ջուզեպպե Գալատին մայիսի 11-ին երկօրյա այցով կժամանեն Հայաստան։ Համազեկուցողները Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման դիտարկում կանցկացնեն։ Նրանց ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, սահմանադրական փոփոխություններին, ընտրական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Համազեկուցողները Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։ ԵԽԽՎ-ի համազեկուցողները հանդիպումներ կունենան նաև Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 15-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |