«Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում

«Բորուսիայում» Մխիթարյանի հետագա ճակատագիրը կորոշվի առաջիկա 10 օրում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան կորոշվի առաջիկա 10 օրում: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: «Դեռ ոչինչ որոշված չէ: Բայց Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» հայտնի կդառնա առաջիկա 10 օրում»,-ասել է Ռայոլան, հայտնում է Armsport.am-ը Bild-ի վրա հղումով:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017-ի ամառը:

«Բորուսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ են ցանկանում երկարացնել պայմանագիրը Մխիթարյանի հետ: Ռայոլան իր հերթին փորձում է հնարավոր նոր պայմանագրում ներառել խաղացողի տրանսֆերային հատուցման գումարի մասին կետը, ինչը թույլ կտա Մխիթարյանին հեռանալ «Բորուսիայից, եթե լինի ակումբ, որը պատրաստ կլինի նրա համար այդպիսի գումար վճարել:

Goal.com կայքը ներկայացրել է Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականի կազմը, որտեղ ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը:

27-ամյա ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Նա նաև 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը:

Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց):

Ընթերցեք նաև. Աղբյուր. Մխիթարյանի համար պայքարում «Չելսին» առաջ է անցնում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---