Ապրիլյան մարտերում վիրավորված սպան դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Ապրիլյան մարտերում վիրավորված սպան դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

PanARMENIAN.Net - Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում 3 զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ: Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը:

Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան էին ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ:

Կարդացեք նաև. Վիրավոր 2 զինծառայողի ծնողները ցանկանում են, որ բուժումը շարունակվի արտերկրում

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---