Ոստիկանության կոչը շրջանավարտներին՝ մեքենա մի վարեք, հասարակական վայրերում եղեք զուսպ![]() 27 մայիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: «Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները: Ծնողներին ոստիկանությունը հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: «Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնում հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ամբողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը: Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |