ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ղարաբաղի հարցով ժնեւյան բանակցություններում դրական տեղաշարժի հույս ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական սահմանի խնդիրը: Այդ մասին Վարդան Օսկանյանը հայտնել է Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, իրանական խնդիրը բանակցությունների ժամանակ չի քննարկվել: «Ես հաստատել եմ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում, ինչպես նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը, ապա դրա ժամանակ քննարկվել են Ժնեւում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցերը: «Ես հուսով եմ, որ Ժնեւում դրական տեղաշարժ կարձանագրվի: Համաձայնագրի կետերի մեծ մասը արդեն ստացել է երկու երկրների նախագահների հավանությունը»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ ասել է, որ ԼՂՀ ղեկավարությունը լիովին տեղյակ է բանակցային գործընթացի շրջանակներում կատարվող յուրաքանչյուր քայլից:



Խոսելով Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեի այցլեության մասին տարածաշրջան` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ֆասիեն լիազորված է մյուս համանախագահների կողմից բանակցություններ վարել եւ որեւէ տարօրինակ բան չկա, որ նա մենակ է ժամանել:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---