ՀՀ նախագահ. Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև պետություն և անկախության սերունդ կա 28 մայիսի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ նախագահն այնուհետև դիտել է հուշահամալիրում կազմակերպված տոնական մշակութային ծրագիրը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Նա մասնավորապես ասել է, որ այս տոնը հայերի համար առաջին հերթին փրկության տոն է: «Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը»,-ասել է նա:
Սարգսյանը հավելել է, որ հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Նա հիշեցրել է, որ մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: «Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք: Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների: Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ: Պետություն, որին պետք է քննադատեր՝ ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Պետություն, որ իր կիսամեռ ժողովրդից, որի գրեթե կեսն էլ որբեր էին, պիտի ստանար քաղաքական ազգ: Պիտի աճեցներ նոր սերունդ, վերածնված սերունդ, որ ունակ է գիտական, մշակութային և ռազմական նոր սխրանքներ գործել: Դա պետություն էր, որ կանխորոշեց Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը»,-ասել է նախագահը:
Անդրադառնալով ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններին` նախագահն ասել է, որ այդ իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը: «Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,-հավելել է Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր. այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է:
«Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը»,-ասել է նա: Նախագահը հավելել է նաև, որ Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է` դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: «Մենք վերադարձել ենք»,-ասել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |