Նախագահը զոհված զինվորների ընտանիքներին է հանձնել հետմահու պարգևները![]() 28 մայիսի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին 2016-ի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները: «Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ: Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն»: Նախագահի խոսքով, նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: «Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ»: «Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել. Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին: Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով», - ասել է նախագահը: Արարողության կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել: Միջոցառման ավարտին Հանրապետության նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին: «Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև: Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Սարգսյանը: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |