ՀՀ-ից գումարների ապօրինի արտահոսքն աճում է. Ապրանքագրի կեղծման միջոցով է արվում![]() 31 մայիսի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Գումարների ապօրինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային և մասնավոր սեկտորների վրա: Այս մասին ասել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը: «Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներ են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել և օգուտ բերել: Դա նաև հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում», ասել է նա, մեջբերում է «Ամերիկայի Ձայն»-ը: Վերլուծաբանի խոսքով, զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում. «Հայաստանի դեպքում 2013-ին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչդեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն, աճը գրանցվում է թե՛ գումարային և թե՛ տոկոսային արտահայտմամբ»: «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպության տվյալներով, 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 միլիարդ 848 միլիոն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 միլիարդ 736 միլիոն դոլար, կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013-ին դուրս է բերվել 120 միլիարդ 331 միլիոն դոլար, կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին: Տնտեսական հարցերով լրագրող Հայկ Գևորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում. «Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք է, և ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»: Լրագրողի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման և ծախսման գործընթացին. «Հասարակության կողմից կա պահանջ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու և ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»: Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրանքագրի կեղծման միջոցով: «Ապրանքագրի կեղծումն առևտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքի գինը եւ գումարները դուրս են բերվում: Ասենք, արտերկրից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել», - ասել է նա: Արդյունքում, փաստաթղթերով ավելանում են ընկերության ծախսերը և նվազում՝ շահույթը: «Այսպես, օրինակ, Գանայում մենք հանդիպեցինք գարեջուր արտադրող խոշոր ընկերություն, որն ավելի քիչ հարկ էր վճարում, քան այդ ընկերության գարեջուրը սեղանիկից վաճառող մի կին ձեռներեց»: Գևորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձևակերպված այդ գումարներն այնուհետև օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում: «Այսինքն, երբ որևէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը և ազատվում շահութահարկից, որը պետք է Հայաստանում վճարեր»: Սփանջերսի խոսքով, միևնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը. «Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանյան կղզիներ, այլև՝ Արևմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանկերում»: Ինչ վերաբերում է գումարների ապօրինի արտահոսքի հետ պայքարին, ապա Գևորգյանի խոսքով, հայ հասարակության մեջ կա նման պահանջարկ, որը սակայն ֆորմալ ձևակերպված չէ: Արևւմտյան վերլուծաբանի խոսքով, գումարների ապօրինի դուրսբերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է: Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր, սակայն՝ վերջին քայլը չէ: Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը մայիսին հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320.000 անձանց և օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 մլն փաստաթուղթ: Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն, հարևան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է: «Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6.200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ: Բազան ամբողջությամբ հասանելի է offshoreleaks.icij.org կայքէջում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |