Ցանկացած «սառեցված հակամարտություն» իր տրամաբանությունն ու յուրահատկությունն ունի

PanARMENIAN.Net - Ցանկացած «սառեցված հակամարտություն» իր տրամաբանությունն ու յուրահատկությունն ունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, յուրաքանչյուր հակամարտության լուծում պետք է անհատական լինի, բխի միայն տվյալ հակամարտությանը բնորոշ առանձնահատկություններից: «Այդ իմաստով դիմակայությունը Հարավային Օսեթիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում տարբեր է: Առավել եւս Կոսովոյի հակամարտությունը, որն, ըստ ոմանց, կարող է նախադեպ դառնալ: Տվյալ դեպքում զուգահեռներ անցկացնելը բոլորովին անիմաստ է: Յուրաքանչյուր հակամարտություն տարբեր ձեւաչափով է լուծվում` Հարավային Օսեթիայինը եւ Կոսովոյինը ՄԱԿ-ի միջոցով, Աբխազիայինը` Ռուսաստանի օգնությամբ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով եւ ձեւաչափերը փոխել կնշանակի միայն խանգարել կարգավորման գործընթացին»,-ընդգծել է Ֆասյեն:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը երկու տրամաբանական առանձնահատկություն ունի` առաջինը, Լեռնային Ղարաբաղն արդեն ունեցել է ինքնավարություն Ադրբեջանական ԽՍՀ կազմում եւ, երկրորդը, դա հակամարտություն է երկու երկրների միջեւ: «Բանակցային գործընթացի տեղափոխումը ՄԱԿ կարող է բացասաբար անդրադառնալ ընդհանուր գործընթացի վրա, եւ մենք մեր հայտարարության մեջ կոչ ենք արել կողմերին ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից»,-ասել է ֆրանսիացի համանախագահը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---