Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին

Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության  բանաձևը   նախաձեռնողին

PanARMENIAN.Net - Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը շարունակում է սպանության սպառնալիքներ ստանալ: Դրանց թիվը այն մակարդակի է հասել, որ քրեական գործերով դաշնային գերատեսչությունն ստիպված է եղել միջոցառումներ ձեռնարկել` պատգամավորի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդել է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Թուրքական ծագում ունեցող Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, ով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի նշանով:

«Մենք սերտ կապերի մեջ ենք անվտանգության ծառայությունների հետ: Կշտամբանքներին և վիրավորանքներին մենք արդեն սովորել ենք, սակայն այնքան է մեծացել սպանության սպառնալիքների թիվը, որի հետ նախկինում չենք բախվել», - ասել է պատգամավորի մամուլի քարտուղար Մարկ Բերտոլդը, գրում է Tert.am-ը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---