Մերկելի գրասենյակն՝ Անկարային. Պետք է հարգեք Բունդեսթագի որոշումը

Մերկելի գրասենյակն՝ Անկարային. Պետք է հարգեք Բունդեսթագի որոշումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետևած հայտարարարություններին:

Մերկելի մամուլի խոսնակ Շթեֆան Սեյբերթը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը սահմանադրական կարգով ընտրված, անկախ մարմնի որոշում է:

«Բունդեսթագն անկախ որոշում է կատարել, և պետք է հարգել այն», - ասել է նա, հավելելով, որ նույն միտքը Մերկելը փոխանցել է Թուրքիայի նախագահին:

Թուրք մի շարք պաշտոնյաներ աղմկահարույց հայտարարություններ արեցին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Ինքը Էրդողանը մեղադրել է գերմանացիներին 20-րդ դարի սկզբում նամիբիացիների ցեղասպանության համար, իսկ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ հրեաներին ողջակիզած երկիրը թուրքերին նկատողություն անելու իրավունք չունի: Դրան հետևեց Հրեական համայնքների դաշնության նախագահի պատասխանն առ այն, որ Գերմանիան, ի տարբերություն Թուրքիայի, սեփական պատմությունը չի հերքում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև. Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---