Հայ-չինական գործակցության փաստաթղթեր են ստորագրվել. Պատրաստ են խոշոր ծրագրեր իրականացնել 6 հունիսի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ հունիսի 6-ին Կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական գոործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է «ՀՀՀ և Չինաստանի կառավարության միջև տեխնիկատնտեսական գործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը: Հայ-չինական գործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետն ընդունել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը վերջին տարիներին մեծ հաջողությունների են հասել տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի: «Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշոր ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են և հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` $59.955.938 ընդհանուր արժեքով: Պայմանագիրը վերաբերում է«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող «Տրանշ 3-ի» Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մոտ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը: Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար: Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում և ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն: Չինաստանի փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետը ՀՀ-ում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |