The Independent. Եթե ԱՄՆ դատարանը ճանաչի Ցեղասպանությունը, կառավարությունը հարկադրված կլինի նույնն անել

The Independent. Եթե ԱՄՆ դատարանը ճանաչի Ցեղասպանությունը, կառավարությունը հարկադրված կլինի նույնն անել

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ԱՄՆ 3 քաղաքացի Կալիֆորնիայի դատարանում վիճարկում են Ադանայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի նկատմամբ իրենց հողային իրավունքները`սա ոչ թե խորհրդավոր պատմական փաստարկ է, այլ չափազանց անհարմար քաղաքական իրադրություն: Այդ մասին գրում է «Independent»-ը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների սերունդների՝ իրենց պատմական հողերը վերադարձնելու հետ կապված դատական ընթացակարգերին, հայտնում է Panorama.am-ը:

«Գրեթե երկու ամսից Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված հայերի և մազապուրծ եղածների ժառանգներն ԱՄՆ դատարանից պահանջելու են իրենց ընտանիքներին վերադարձնել այն հողերը, որտեղից ամերիկյան զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում և Իրաքում»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ Պենտագոնի հայտարարությունների համաձայն «Ինջիրլիք»ը խիստ ռազմավարական նշանակություն ունի, որտեղ «ԱՄՆ զորքերը պաշտպանում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերը»:

«Սակայն ի դժբախտություն ամերիկացիների, մեկ դար առաջ տեղի ունեցած պատերազմի ժամանակ այդ հիանալի ենթակառուցվածքներով և թռիչքուղիներով հողերը պատկանել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Այդ հողերում ֆերմաներ էին, տներ, եկեղեցի, դպրոց և Ադանայի քրիստոնյաների համար ամառանոցներ, ինչպես նաև թզի այգիներ: Գրեթե բոլոր հայերն էլ բնաջնջվել են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով: Նրանք մորթվել են դանակներով ու նետվել զանգվածային գերազմանոցներ, նրանց կանանց բռնաբարել, իսկ երեխաներին կենդանի-կենդանի այրել են»,- գրում է պարբերականը:

Պարբերականի դիտարկմամբ, հայերի այս տառապանքները աշխարհի ավելի քան 20 երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և արդեն նաև Գերմանիայի կողմից ճանաչվել են որպես ցեղասպանություն:

«Միացյալ Նահանգները, վախենալով կորցնել «Ինջիրլիքը», այլ ռազմական ենթակառուցվածքներ, ինչպես նաև Թուրքիային բարկացնել, մեկն է այն քիչ Արևմտյան առաջդեմ երկրներից, որ դեռ մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն ինքն որպես պատմական փաստ է ընդունվում բազմաթիվ պատմաբանների, այդ թվում նաև թուրք պատմաբանների կողմից: Ցավոք, միայն Թուրքիայի կառավարությունն է, որ այն չի ընդունում: Ի դեպ, հենց այդ ցեղասպանությունն էր արդեն Երկրորդ համաշխարհայինի տարիներին ոգեշնչել նացիստներին՝ իրագործել հրեաների Հոլոքոստը»,- գրում է պարբերականը:

The Independent-ը հիշեցնում է, որ երեք հայերից՝ Ալեքս Բակալյան, Անաիս Հարությունյան և Ռիտա Մահդեսյան, բաղկացած խումբն արդեն իսկ սկսել է դատական գործընթացներ, որոնց կարող են միանալ ևս 13 այլ հայեր: Այս դեպքում, ըստ պարբերականի, նրանց պահանջը արդեն կներառի ռազմաբազայի ողջ տարածքը:

Պարբերականի հետ զրույցում ամերիկահայ հետազոտող Միսակ Քելեչյանը նշել է, որ դատական գործի ավարտին մեծ հավանականությամբ ԱՄՆ դատարանը օրենքով կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Գրեթե կասկած չկա, որ այս պատմական գործը պայթուցիկ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում. Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ դատարանի կողմից, ապա ընդամենը ժամանակի հարց է լինելու կառավարության կողմից 1915 թվականի դեպքերի համար ցեղասպանություն եզրույթի կիրառումը, ընդ որում արդեն կառավարությունը հարկադրված է գնալու այդ քայլին»,- գրում է պարբերականը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---