Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են Եվրոպայում ԻՊ նոր ահաբեկչությունների մասին

Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են Եվրոպայում ԻՊ նոր ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում միասեռականների ակումբում տեղի ունեցած սպանդից մի քանի օր անց Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են գրոհայինների ակտիվացման մասին և Բելգիայում ու Ֆրանսիայում նոր հնարավոր ահաբեկչությունների մասին: Ըստ նրանց տվյալների, ԻՊ ահաբեկիչներն արդեն մեկնել են Սիրիայից Եվրոպայի երկրներ:

Բելգիայի բոլոր իրավապահ մարմիններին նախազգուշական նամակներ են ուղարկվել:

«ԻՊ գրոհայինները, ենթադրաբար, մոտ 1,5 շաբաթ առաջ հեռացել են Սիրիայից, որպեսզի Թուրքիայի և Հունաստանի տարածքով առանց փաստաթղթերի հասնեն Եվրոպա»,-ասվում է ուղերձներում:

«Նրանք կարող են 2 մասի բաժանվել` ոմանք կուղևորվեն Բելգիա, մյուսները` Ֆրանսիա, փոքր խմբերով հարձակումներ գործելու նպատակով»,-ասվում է իրազեկման մեջ:

Ըստ հետախուզության տվյալների, նրանք արդեն ունեն այն, ինչ հարկավոր է ահաբեկչությունների համար: Որպես թիրախ Բելգիայում ահաբեկիչները կարող են ընտրել 3 վայր` Բրյուսելի մեծ առևտրի կենտրոնը, ամերիկյան արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկը և ոստիկանության բաժանմունքը, հայտնում է Newsru-ն:

Բելգիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ԻՊ կողմնակիցները կարող են ահաբեկչություններ գործել Եվրոպայում: Ապրիլին հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ ահաբեկիչները ծրագրում են բռնի գործողություններ իրականացնել Եվրոպայի լողափերում: Ապրիլի սկզբին ԻՊ տեսանյութ հրապարակեց` նոր ահաբեկչություններով սպառնալով Եվրոպային, մասնավորապես Բեռլինին, Հռոմին ու Լոնդոնին:

Վերջին շրջանի ամենամեծ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում և Բելգիայում: 2016-ի մարտի 22-ին Բրյուսելում 2 պայթյուն տեղի ունեցավ` օդանավակայանում և «Մալբեկ» մետրոյի կայարանում: 32 մարդ զոհվեց:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---