Յոզգաթում ապաստանած հայ փախստականները՝ սպառնալիքների ու հարձակումների թիրախում

Յոզգաթում ապաստանած հայ փախստականները՝ սպառնալիքների ու հարձակումների թիրախում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) առընթեր համապատասխան հանձնաժողովը Թուրքիայում փախստականների վիճակի վերաբերյալ զեկույց է կազմել: Զեկույցում մասնավորապես արձանագրվել է. «Թուրքիայում դժվար է փախստական լինելը, իսկ ոչ մահմեդական փախստական լինելը՝ առավել ևս»:

Թուրքիայում ներկայումս ժամանակավոր կամ հիմնական սկզբունքով բնակվում է մոտ 45.000 ոչ մուսուլման գաղթական, որոնց մեծ մասը սիրիացիներ են, հայեր, եզդիներ, քաղդեացիներ:

Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Յոզգաթում ապաստանած հայ գաղթականներին: Վերջիններս շրջապատում ներկայանում են որպես արաբ, խոսում արաբերեն և միայն տանն են համարձակվում հայերեն խոսել, քանի որ հայ լինելու պատճառով շատ մեծ սպառնալիքների ու հարձակումների թիրախում են գտնվում, SputnikNews-ի թուրքական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հայ գաղթականները հնարավորություն չունեն կատարելու իրենց կրոնական ծեսերը, կամ կատարում են դրանք ծայրահեղ գաղտնիության պայմաններում: Նշվում է, որ ստամբուլյան եկեղեցիները նույնիսկ հստակ տեղյակ չեն, թե Անատոլիայում քանի քրիստոնյա ներգաղթյալ կա:

Թուրքիա մուտք գործելիս փախստականներն անձնական տվյալները արձանագրվել են, հետևաբար, պետությանը հայտնի է, թե ով ինչ ազգի և ինչ կրոնի ներկայացուցիչ է: Սակայն այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի հրապարակվում: Ոչ մուսուլման փախստականների համար շատ ավելի դժվար է աշխատանք գտնելը, իսկ հնարավոր աշխատանքների համար էլ անհամեմատ ցածր են վճարվում:

Ոչ մահմեդական ներգաղթյալները անվտանգության նկատառումներով ապրում են որպես փակ համայնքներ, նրանք իրավունք չունեն ինքնակամ հեռանալու իրենց բնակավայրից, քանի որ պարբերաբար պիտի ներկայանան ստորագրելու, չունեն կրոնական ամուսնություններ կնքելու, սեփական հանգուցյալներին հուղարկավորելու հնարավորություն:

ԺՀԿ-ի հայ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սելինա Դողանը նշել է, որ քրիստոնյա գաղթականները շատ մտահոգված են և վախենում են, թե ինքնության պատճառով իրենց հետ կարող են դժբախտություններ պատահել: Դողանն ընդգծել է, որ փախստականների խնդիրները կարգավորող իրավական դաշտը լուրջ բարեփոխումների կարիք ունի:

Սույն զեկույցը նաև հրատարակվել է գրքի տեսքով: Այն վաճառքի է հանվել հունիսի 20-ին՝ փախստականների միջազգային օրվա առթիվ: Գրքի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը նախատեսվում է նվիրաբերել Թուրքիայում ապաստանած մարդկանց խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---