ՀՀ ՄԻՊ-ը Բաքվի հանցագործությունները ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ՄԻՊ-ը Բաքվի հանցագործությունները ներկայացրել է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ամբողջ իրավապաշտպան համակարգի համար:

Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Թաթոյանը կարևորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվող միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվության միջոցների հետ համագործակցության կարևորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների և մյուս գործընկերների հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Մայիսի 26-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները և ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետևանքն են:

Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաև Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին ԼՂՀ-ին հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---