Սպիտակում ժամանակակից ակնաբուժական կենտրոն է բացվել

Սպիտակում ժամանակակից ակնաբուժական կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Այս առիթով ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն այցելեցին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժներ եւ ՀԱՆ-ի բարերարներ:

Կենտրոնում կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները՝ ապահովելով ակնային առողջության պահպանման ամբողջական շրջանը։ Վիրահատարանը հագեցած է նաեւ տեսակապի համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչի շնորհիվ տեղի բուժաձնակազմը անհրաժեշտության դեպքում կկարողանա կապ հաստատել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատության ընթացքում:

«Երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերի բնակչության բոլոր շերտերի համար եւ ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաեւ վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով կենտրոնի ինքնաֆինանսավորումը», - ասել է ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում 2005թ.-ից ակնաբուժական տարաբնույթ ծառայություններ է մատուցում Լոռու մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը վեց անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում մոտ 40,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, շուրջ 10,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,000 վիրահատվություն և լազերային բուժում, 10,500 բնակիչ ակնոց է ստացել:

Այս աշխատանքները պարներական բնույթ էին կրում եւ իրականացվում էին երկու տարին մեկ հաճախականությամբ: Այսուհետ գերժամանակակից սարքավորումների եւ հատուկ վերապատրաստում ստացած մասնագետի առկայությունը մարզում կլուծի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիության հարցը ողջ տարվա ընթացքում:

Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետի վերահսկողությամբ:

Ակնային տարաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսել է 2014թ.-ին Տավուշի մարզից, Լոռու մարզինը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ եւս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---