ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՉԷ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղը մրցակից կամ հակակշիռ չէ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը «Իրավունք» թերթին: Նրա խոսքերով` գազատարի շինարարության նպատակը Հայաստանին գազով ապահովելու այլընտրանքային տարբերակն է, մասնավորապես, համապատասխան էներգիայի աղբյուր` Հայկական ատոմակայանի փակման դեպքում: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է մամուլի քարտուղարը, «կասկած չի հարուցում, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ի սկզբանե քաղաքական նախագիծ է, քանի որ բոլոր փորձագիտական գնահատականներով այն համարվում է տնտեսապես ոչ շահութաբեր»: Նա չհամաձայնվեց այն մտքին, որ «Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարը կարող է խանգարել հայ-իրանական գազամուղին կամ հակառակը», ավելացնելով, որ միջազգային հանրությունը նույնպես չի ընդունում այդ երկու նախագծերը որպես միմյանց հակակշիռ: Ճիշտ է, Աղաջանյանի խոսքերով, որոշ ժամանակ առաջ ԱՄՆ իրոք դեմ էին արտահայտվում գազամուղի շինարարությանը, որն ԱՄՆ-Իրան հարաբերությունների ենթատեքստում լիովին բնական է: Սակայն, ինչպես ընդգծել է նա, հայկական կողմը միշտ հայտարարել է, որ գազամուղի շինարարությունը բխում է Հայաստանի էներգետիկական անվտանգության շահերից եւ չի հակասում ամերիկյան պատժամիջոցներին` Իրանի հանդեպ: Ըստ նրա` «այդ ոչ մի կերպ չի կարող սասանել հայ-ամերիկյան հարաբերությունները, քանզի դրանք կառուցված են այլ հիքի վրա»:
 Ուշագրավ
---