ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 6-ի առավոտյան ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հավատարիմ են մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելու նախաձեռնությանը, թեև հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---