Ճարտարապետների միության կոչը՝ անհապաղ դադարեցնել «Զվարթնոց»-ի հին շենքի ապամոնտաժումը

Ճարտարապետների միության կոչը՝ անհապաղ դադարեցնել  «Զվարթնոց»-ի հին շենքի ապամոնտաժումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ճարտարապետների միությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

«Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Կառավարման պայմանագրով` Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրեց բազմաթիվ պարտավորություններ, կառավարիչ կազմակերպության վրա դնելով միայն մեկ պարտավորություն` պահպանել և արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը:

Պայմանագրի գործողության գրեթե առաջին օրերից կառավարիչը առաջ քաշեց իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ շարունակ ՀՀ հանրային խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակները, նրանց ժառանգները, քաղաքացիական հանրությունը բազմիցս հանդես եկան պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, որպես միջազգային և հայկական ճարտարապետության արժեք՝ հաջորդ սերունդներին փոխանցելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունները բազմաթիվ կոչերով դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրանքով` թույլ չտալ օդանավակայանի շենքի ապամոնտաժումը:

«Այս հարցով տեղի են ունեցել բազմաթիվ հանրային քննարկումներ և ճարտարապետների կողմից արվել են համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը պահպանելուն, վերօգտագործմանն ուղղված առաջարկներ և նախագծեր: Ցավոք, դրանք անտեսվել են: Բոլորը միակարծիք են, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ճարտարապետական արժեքն անհրաժեշտ է պահպանել` վերօգտագործման նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ներկայումս կատարվող քանդման աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացումը կառավարիչի համար ինքնանպատակ է դարձել»:

Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում ներկայումս իրականացվող քանդման աշխատանքները և պահանջում է.

- անհապաղ դադարեցնել քանդման աշխատանքները,

- ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության, Քաղաքաշինության նախարարության, Գույքի կառավարման վարչության և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ՝ շենքի վիճակը գնահատելու և նրա վերօգտագործման հնարավորությունների պարզաբանման նպատակով:

Հանրային խորհրդում մարտի 22-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկումը, որի ընթացքում շենքի ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն ու շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներկայացրել են իրենց առաջարկները:

Ճարտարապետ Շեխլյանը, ով ապրում է արտասահմանում, նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել իրեն՝ որպես «Զվարթնոց»-ի համահեղինակ ճարտարապետի, և չի քննարկել իր կողմից ներկայացված նախագիծը կլոր մասնաշենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ:Նրա առաջարկված նախագծով օդանավակայանի այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին, ինչն այն լիարժեք օգտագործելու հնարավորություն է տալիս:

«Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների պլանով՝ 10, ինչպես նաև մեծ չափի ինքնաթիռներ չեն կարող վայրէջք կատարել մեր օդանավակայան: Կոնցեսիոներին իր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 5000 քառակուսի մետր տարածք, ինձ՝ 300, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող 13 հազար 400 քառակուսի մետրը: Եթե կոնցեսիոներին պետք է $101 մլն-ի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև $20 մլն: Եթե իրենց ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում մեկ տարին բավարար է»,- պարզաբանել էր ճարտարապետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---