ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Մոսկվա` Ղարաբաղի հարցը քննարկելու

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Մոսկվա` Ղարաբաղի հարցը քննարկելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների առանցքում կլինեն Սիրիան, Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղն ու այլ հարցեր: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ Քերին ժամանելու է Մոսկվա: Կրեմլում հուսով են, որ 2015-ի մայիսից ի վեր Քերիի արդեն չորրոդ այցը կնպաստի նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը:

Քերիի այցը Ռուսաստան տեղի կունենա հուլիսի 14-15-ը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակում:

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե որ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է: «Վերջին 3-4 ամսում չտեսնված ակտիվություն է նկատվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է»,-ասել է Ալիևը:

Մեկնաբանելով այս հայտարարությունը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում: «ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով»,-ասել է նա»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ընթերցեք նաև. ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---