Թուրքական 50 ապրանքի ներմուծումը ՀՀ կարող է սահմանափակվել![]() 15 հուլիսի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություն է իրականացնում բոլոր այն ապրանքային խմբերի մասով՝ ներառյալ շաքարավազը, որոնց արտադրությունը տեղական հումքի վրա հնարավոր է կազմակերպել: Այս մասին տեղեկացրել է նախարար Արծվիկ Մինասյանը: «Խոսքը վերաբերում է նաև Թուրքիայից ներմուծվող ապրանքներին: Թուրքիայից ներմուծվում է մոտ 700 ապրանքատեսակ: Առաջին փուլում այս ցանկից ընտրվել է 50 ապրանք, որոնք հումքային չեն, սոցիալական խիստ զգայուն ապրանքներ չեն և այսօր Հայաստանում նման տեսակի ապրանքներ արտադրվում են»,- պարզաբանել է Մինասյանը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ նախատեսում են կազմակերպել ընդլայնված քննարկումներ, որպեսզի ի վերջո հստակ պատկերացում ունենան, թե այդ ապրանքների նկատմամբ ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, գրում է Panorama.am-ը: Նա նաև նշել է, որ սա հետագայում վերաբերելու է այն երկրներից ներմուծվող ապրանքներին, որոնք որակական հատկանիշներով չեն բավարարի սպառողների իրավունքների սահմանված պահանջներին, և դրանց մուտքը էականորեն սահմանափակում է տեղական արտադրության կազմակերպման հնարավորությունը: «Ցանկացած երկրից ներմուծվող ապրանքը, եթե մեր ազգային տնտեսությանը, տեղական արտադրողին վնաս է պատճառում, դուրս է մղում շուկայից կամ սահմանափակում է կազմակերպման հնարավորությունը, այստեղ կիրառելու ենք սակագնային ոչ թույլատրելի մեթոդներ»,- նշել է Մինասյանը: Կառավարության մոտ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծում կարող է արգելվել: Ավելի ուշ նա, սակայն, մեկ ուրիշ հայտարարություն էր արել՝ նշելով, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում արգելել թուրքական ապրանքները, սակայն ուսումնասիրություններ կլինեն, կարգելվի միայն ոչ անվտանգ արտադրանքը: «Մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասել էր Միանասյանը: Մայիսի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի խնդիր չի դրել: Կարդացեք նաև՝ Թուրքիայից ներմուծումն աճում է՝ չնայած թուրքականը չգնելու կոչերին Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |