Հայաստան է ժամանել ԵԱՀԿ առաքելությունը, որը հետեւելու է նախընտրական քարոզարշավին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ղեկավար Լեո Պլատվոետը (Նիդեռլանդներ), անդամներ` Ժորժ Կոլումբիեն (Ֆրանսիա), Բեռնարդ Մարկետը (Մոնակո), Էվալդ Լինդինգերը (Ավստրիա): Ապրիլի 11-ին նախատեսված են պատվիրակության հանդիպումները Երեւանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի, ՀՀ ԿԸՀ նախագահի հետ: Նույն օրը պատվիրակության անդամները Եվրախորհրդի գրասենյակում հանդիպումներ կունենան հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ:



Ապրիլի 12-ին Լեո Պլատվոետի գլխավորած ԵԽԽՎ դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում` խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հետ: Նույն օրը դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի ցանկությամբ` տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների եւ «Այլընտրանք» քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Սահմանադրական դատարանի անդամների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի հետ:



Ապրիլի 13-ին պատվիրակությանը կընդունեն ՀՀ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահները, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ազգային ժողովում պատվիրակությանը կընդունի Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նույն օրը պատվիրակության անդամներին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախատեսված է հանդիպում նաեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---