ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի անդամները Տավուշում հանդիպել են սահմանամերձ համայնքների ղեկավարներին

ԱՄՆ Սենատի ԶՈւ կոմիտեի անդամները Տավուշում հանդիպել են սահմանամերձ համայնքների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները:

Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---