Փաշինյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը 19 պատգամավոր է միացել

Փաշինյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը 19  պատգամավոր է միացել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր:

Այս մասին հայտնել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ստորագրահավաքի նախաձեռնումից 19 ժամ անց ձևաթղթի տակ ստորագրել են, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովից ձևաթուղթ վերցնելուց 24 ժամվա ընթացքում դրա վրա լինի 44 պատգամավորի ստորագրություն:

Բացի այդ, քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը, «ԷկոԼուր»-ը, «Թրանփարենսի ինթերնեշնլ»-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով»։

Կազմակերպությունները նշել են, որ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, «քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը»:

«Ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին»:

Նշվում է, որ Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է` որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը:

Հայտարարության հեղինակները դատապարտում են «Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ են անում խորհրդարանին՝ օգտվել արտահերթ նիստ հրավիրելու սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով»:

Կազմակերպությունները նշում են, որ հայտարարությունը բաց է միանալու համար:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---