Բաղրամյանում ինքնահրկիզված քաղաքացին մահացել է

Բաղրամյանում  ինքնահրկիզված քաղաքացին մահացել է

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը մահացել է: Այդ լուրը հաստատել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ», - նշել է Հայթայանը, գրում է Aysor.am-ը:

Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց՝ ի նշան բողոքի, կրակը հաջողվեց մարել, սակայն նա այրվածքներ ստացավ:

Մի քանի րոպե անց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց օգնության համար եկած ոստիկանական մեքենա նստել՝ ինքնուրույն ոտքի կանգնելով: Նա հեռացավ Բաղրամյան պողոտայի այն մասից, որտեղ ցուցարարներ են կուտակված: Շտապօգնության մեքենան այդպես էլ չժամանեց: Քաղաքացուն հավաքի մասնակեցներն օգնեցին տաքսի նստել՝ հիվանդանոց տեղափոխելու համար:

Հուլիսի 31-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնի է դարձել, որ ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: «Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերին շնչուղիների 20 և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է, վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել էր բժիշկը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---