ԱՄՆ վերլուծաբան. Աճել է ԼՂ խնդրի կարգավորման հավանականությունը

ԱՄՆ վերլուծաբան. Աճել է ԼՂ խնդրի կարգավորման հավանականությունը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում աճել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը: Այս կարծիքի է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարևոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը.

«Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրի միջև խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երևանի նկատմամբ»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետևանքներ ունենալ.

«Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը». մեջբերում է Ամերիկայի Ձայնը:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը.

«ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետև այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է և չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միևնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով և եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշեց, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն.

«Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը և, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը.

«Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնեցին, որ այն կարող է լինել անկանխատեսելի:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլյան քառօրյան պատերազմից հետո, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ վերլուծաբան. ՀՀ իշխանությունները պետք է նվազեցնեն կոռուպցիայի աստիճանը երկրում

Ուորլիք. «Ուսումնասիրում ենք նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---