Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ, նժույգթափերի վրա հանդես եկող Հարություն Մերդինյանը գոհ է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր ունեցած արդյունքից:
Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:
«Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Եզրափակչին աշխատելու եմ ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում»- Ռիոյում ասել է Մերդինյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա օգոստոսի 14-ին:
Օգոստոսի 7-ին Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Կարդացեք նաև՝ WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը