«Սասնա ծռերից» Հարությունյանի կալանքի հարցով դիմելու են Եվրոպական դատարան

«Սասնա ծռերից» Հարությունյանի կալանքի հարցով դիմելու են Եվրոպական դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով բողոքարկվում էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Այս մասին հայտնել է Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Նույն ստանդարտ ձևակերպմամբ բողոքը մերժվել է»,- ասել է փաստաբանը, մեջբերում է Tert.am-ը:

Միաժամանակ, Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ անիմաստ է համարում Վճռաբեկ դատարան դիմելը և կդիմեն Եվրոպական դատարան. «Պատրաստվում ենք հրատապ դիմում ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի քննի իմ պաշտպանյալի կալանավորման օրինականության հարցը»:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---