«Փարոս» երգչախումբը 2 արծաթե մեդալ է նվաճել Երգչախմբերի Օլիմպիական խաղերում![]() 26 օգոստոսի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հուլիսին Սոչիում կայացան Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաև Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա...), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20000-ից: Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ: Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ և Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։ «Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալի` «Հոգևոր երաժշտություն a capella» և «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։ Կատարվեցին Կոմիտասի, Վ.Սարգսյանի, Ա.Շնիտկեի, Ի.Բրամսի և այլ հեղինակների ստեղծագործությունները։ 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար: Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես եկավ ոչ միայն մրցութային, այլև համերգային ելույթով: Բացի այդ, կայացավ Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը: Հայրենակիցների սատարումը, ինչպես նաև Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարևոր դերակատարում ունեցան երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և «Փարոս» հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը, կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |