Չավուշօղլու. Գերմանացի պատգամավորները կայցելեն «Ինջիրլիք», եթե Բունդեսթագը հրաժարվի Ցեղասպանության բանաձևից![]() 30 օգոստոսի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին: Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան: «Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն: Գերմանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ խոսնակ Մարտին Սխեֆերը տվյալ թեմային անդրադարձել էր, երբ նրան հարցրել են Բունդեսթագի բանաձևից կառավարության հրաժարվելու հնարավորության մասին: «Գերմանական Բունդեսթագի բանաձևը գերմանական սահմանադրական մարմնի քաղաքական հռչակագիր է: Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է, որ սահմանադրական կառույցները մեկը մյուսի աշխատանքը մեկնաբանեն շատ զգուշորեն, եթե առհասարակ պետք է մեկնաբանեն», - շեշտել է նա: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |