Մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 36.7%-ով

Մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 36.7%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագրին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ 2016-2020 թվականների համար անհրաժեշտ է նոր ազգային ռազմավարություն և ծրագիր` համահունչ միջազգային գլոբալ ռազմավարություններին, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության 2015թ. հռչակած «Փոխելով մեր աշխարհը. Օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանին» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Եվրոպական քաղաքականության հիմունքները և ռազմավարությունը XXI դարի համար, Առողջություն 2020թ.» փաստաթղթին: Panorama.am-ը գրում է, որ միջազգային այդ փաստաթղթերում սահմանված է երեխաների առողջության պահպանման և բարելավման գերակայությունն ամբողջ աշխարհում:

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականին հավանության է արժանացրել «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը» և 2009–2015թթ. գործողությունների պլանը, որի արդյունքում գրանցվել են երեխաների և դեռահասների առողջության ցուցանիշների ակնհայտ դրական միտումներ, միևնույն ժամանակ որոշ խնդիրներ պահպանում են իրենց արդիականությունը:

Նախորդ ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13.9% ելքային ցուցանիշի նկատմամբ: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների, 2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8%` նվազեցնելով այն 36,7%-ով:

Ըստ Արեմն Մուրադյանի, ռազմավարության գործողության տարիների ծրագրային մեծ ձեռքբերումներից էր նաև «Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը», որի ազդեցությունն ինչպես երեխաների առողջության պահպանման ոլորտի մատչելիության և որակի, այնպես էլ ամբողջ առողջապահական համակարգի վրա դժվար է գերագնահատել:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման նպատակն է երեխաների և դեռահասների առողջապահական համակարգի կառավարման բարելավմամբ ոլորտում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, պայմաններ ստեղծել երեխաների և դեռահասների զարգացման, առողջության և բարեկեցության ապահովման, մահացության և հիվանդացության իջեցման համար: Որպես նպատակին հասնելու կարևոր միջոցներ են դիտարկվում երեխայակենտրոն առողջապահական ծառայությունների տրամադրումը` վաղ մանկությունից սկսած մինչև հասունություն, մասնագետների, հասարակության, միջգերատեսչական համագործակցության խթանումը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային ռազմավարական փաստաթղթերի դրույթների իրականացումը, որոնք են` բուժօգնության տրամադրման հավասարությունը, արդարությունը, մատչելիությունը, բժշկական օգնության որակի ապահովումը, ապացուցահեն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրումը:

«Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարության» և 2009–2015թթ. գործողությունների պլանի շրջանակում արդիականացվել և վերազինվել են մանկական վերակենդանացման բուժօգնություն իրականացնող ծառայությունները մարզերում, ստեղծվել է միջմարզային նշանակության մանկական վերակենդանացման բաժանմունք Կապանի ԲԿ-ում, ուժեղացվել և նորածնային տեղերով հագեցվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժանմունքը:

Շարունակվել և ընդլայնվել են նորածնային սկրինինգային ծրագրերը, որոնք ունեն ուղղակի ազդեցություն բնածին հիվանդությունների վաղ հայտնաբերման, հետևաբար և դրանցով պայմանավորված հաշմանդամության կանխարգելման վրա: Ներդրվել է նոր` սրտի բնածին արատների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---