Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մասին տեսանյութեր են պատրաստվել (վիդեո)

Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մասին տեսանյութեր են պատրաստվել

PanARMENIAN.Net - Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների (տեսանյութերի) միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին:

Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։

Նախորդ երկու տարվա տեսանյութերի միջոցով ներկայացված էին այն հերոսները, ում շնորհիվ կերտվել են Արցախյան հաղթանակները։

«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։

«Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,-տեղեկացրել է Գևորգյանը։

Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգևատրումները և այլն։

Նախորդ տարիներին պատրաստած հոլովակները տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։ Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով։

Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Մոնթե Եղոյանի մասին պատմող հոլովակները ներկայացված են ստորև.

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---