ԱԺ-ն հայտարարությամբ կդատապարտի Իրաքի եզդիների հանդեպ ցեղասպանությունը![]() 5 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սեպտեմբերի 6-ին և հաջորդող օրերին նշանակված են նիստեր` սեպտեմբերի 13-15-ի քառօրյային ընդառաջ նախագծերին ու որոշումներին եզրակացություններ ներկայացնելու համար: ԱԺ արտաքին հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր կան, այդ թվում` ԱԺ հայտարարությունը` Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին: Ըստ ԱԺ հայտարարության նախագծի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ - Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, - Կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, - Արժևորելով հայ և եզդի ժողովուրդների բազմամյա բարեկամական հարաբերությունները, Հայտարարում է. Դատապարտում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի հունիսի 15-ին հրապարակած զեկույցում: Փասթաթղթում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական և սովորական ստրկությունը, կտտանքները և այլ հանցագործություններ: Զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: Այն փաստը, որ գրոհայինների գազանությունները կրում են պարբերական բնույթ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ ամենը իրականացվել է զոհերի՝ զուտ տվյալ էթնոկրոնական խմբին պատկանելու պատճառով, հիմք են տվել հստակ եզրակացություն տալ, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Հանձնաշողովի օրակարգում են նաև 2016 թ. փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված «Հայաստանի ու Չինաստանի ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին» և մի շարք այլ համաձայնագրեր: Հայաստանի ու Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքի՝ փոխադարձաբար վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը Մակաոյում Հայաստանի կառավարության անունից ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։ Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Քննարկվելիք համաձայնագրերի թվում է «ՀՀ-ի ու Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համագործակցության մասին համաձայնագիրը»: Նիստում կանդրադառնան նաև 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական ներկայացուցչության անդամների ընտանիքների անդամների վարձատրվող աշխատանքի մասին» համաձայնագրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |