Ջոն Էվանսը պարգեւատրվելու է «Հենրի Մորգենթաու» մեդալով

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Քեմբրիջում` Մասաչուսեց նահանգ, կկայանա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի պարգեւատրումը «Հենրի Մորգենթաու» մեդալով պետական ծառայության ընթացքում ցուցաբերած նշանավոր վաստակի համար, հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA):



«Դեսպան Էվանսը հանդիսանում է խիստ սկզբունքների տեր մարդ, եւ եթե ԱՄՆ-ն ձգտում են մնալ ժողովրդավարության եւ համայն մարդկության ազատության պատվարը, ապա նրանք չպետք է պատժեն Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած ճմշարտության համար: Հատկապես դա վերաբերում է պետական ծառայողներին, ովքեր ներկայացնում են ԱՄՆ-ի շահերը արտերկրում»,- հայտարարել է AAA-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժիրայր Հովնանյանը: «Համագումարի ղեկավարությունը դեսպան Ջոն Էվանսին պատվավոր պարգեւ է շնորհում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ցուցաբերած խիզախության համար, ինչը օրինակելի քայլ էր»,- ասվում է AAA-ի հաղորդագրության մեջ:



Պարգեւատրման արարողությանը ներկա է գտնվելու Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռ Հենրի Մորգենթաու III-ը, Պուլիցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերը` «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարը» գրքի հեղինակը:



Դեսպան Ջոն Էվանսը կդառնա «Հենրի Մորգենթաու» մեդալին արժանացած երրորդ մարդը: Առաջինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորն էր 1996 թվականին, երկրորդը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1997 թվականին:



Ջոն Էվանսը ետ էր կանչվել Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից 2006 թվականի սեպտեմբերին: Դեսպան Էվանսի հետ կանչման եւ ապա դիվանագիտական ծառայությունից նրան հեռանցնելու պատճառ է դարձել նրա հասարակական հայտարարությունը, որը հաստատում էր Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---