Հրադադարը Սիրիայում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ի երեկոյան

Հրադադարը Սիրիայում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ի երեկոյան

PanARMENIAN.Net - Հրադադարը Սիրիայում կսկսվի սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկում է մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը կսահմանվի ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և կտևի 10 օր, որին կհաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

Սիրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է հրադադարի հաստատումը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե կհամաձայնվեն արդյոք ապստամբ խմբավորումները զենքերը վայր դնել:

Սիրիայի ազատ բանակն իրազեկել է ԱՄՆ-ին, որ մտադիր է «դրական համագործակցել» հրադադարի շրջանակում, սակայն մտահոգված է, որ դա բխում է Սիրիայի իշխանությունների շահերից:

Մեկ այլ ապստամբ խմբավորում` «Ահրար աշ Շամը», որը կոշտ իսլամիստական կողմնորշում ունի, մերժել է համաձայնությունը:«Ապստամբած ժողովուրդը, որը 6 տարի շարունակ պատերազմել է և տառապել, չի կարող բավարարվել կիսատ միջոցներով»,-ասել է խմբավորման հրամանատարի տեղակալ Ալի ալ Օմարը տեսաուղերձում: Սակայն նա միանշանակ չի հայտարարել, թե ապստամբները չեն պահպանելու հրադադարը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու. ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---