Նալբանդյան. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան տեղահանության հերթական ալիքի հանգեցրեց

Նալբանդյան. Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան տեղահանության հերթական ալիքի հանգեցրեց

PanARMENIAN.Net - 2016 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և տեղահանության հերթական ալիքի: Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

«Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջև ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում»,- ասել է Նալբանդյանը, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարն ընդգծել է հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծումներ գտնելու կարևորությունը:

«Բացի այդ, ցանկանում ենք շեշտել հավասար, արագ և անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարևորությունը փախստականներին և տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից»:

Էդվարդ Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությունում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով:

«Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատևման պայքար են մղում՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար:

Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում»,- ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ տեղահանվածներին:

Սիրիայից փախստականների ընդունումը, կեցության ապահովումը և ինտեգրումը, ըստ Նալբանդյանի, Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է.

«Մենք փախստականների ընդունման տարաբնույթ հնարավորություններ ենք ապահովում՝ տրամադրելով ապաստանի հայցման, կեցության թույլտվության և քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգեր: Պետությունը աջակցում է նրանց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցում, դյուրացնում է նրանց կեցության հարցերը, տրամադրում է անվճար բժշկական օգնություն և կրթաթոշակներ:

Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար»:

Նախարարի պաշտոնակատարը նաև ողջունել է Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահություն հայտնել, որ հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար:

Կարդացեք նաև՝Նալբանդյանը Նյու Յորքում գործակցության ընդլայնման հարցեր է քննարկել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---