Քաղաքաշինության նախարարությունը վերանում է, ևս 3 նախարարություն՝ վերանվանվում![]() 22 սեպտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մի շարք նախարարություններ վերանվանել, որոշների կառուցվածքում փոփոխություններ կատարել, որոշներն էլ՝ լուծարել: «Վերանվանվում է էկոնոմիկայի նախարարությունը՝ ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, և ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով»,-ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը: Կարեն Կարապետյանը նշել է, որ վերանվանելով էկոնոմիկայի նախարարությունը՝ գործարարներին ասվում է, որ իրենք ունեն մի օղակ, որտեղ իրենց դիտողություններն ու ցանկությունները կարող են հայտնել և նրանց աջակցելու համար կառավարությունը պետք է ունենա տնտեսական անալիզ: Անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում գյուղատնտեսության նախարարությանը պատկանող ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասել է, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք ճարտարապետության և մշակութային պահպանման կոմիտե»: Վարչապետը հավելել է, որ փոփոխություններն ինքը չի համարել ինքնանպատակ: Նոր կառավարության կազմում կլինեն հետևյալ նախարարությունները՝ 1) աշխատանքի և սոցիալական հարցերի 2) առողջապահության 3) արդարադատության 4) արտաքին գործերի 5) արտակարգ իրավիճակների 6) բնապահպանության 7) գյուղատնտեսության 8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության (էկոնոմիկայի նախարարության փոխարեն) 9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների 10) կրթության և գիտության 11) մշակույթի 12) պաշտպանության 13) սպորտի և երիտասարդության հարցերի 14) սփյուռքի 15) տարածքային կառավարման և զարգացման 16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 17) ֆինանսների 18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն 19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների: Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Կարդացեք նաև՝Վարչապետը կոչ է արել վերջ տալ «պրիմիտիվ» գողությանը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |