Որոշ փաստեր կան, որոնք մեր լավատեսության վրա ստվեր են գցում

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի Ստրասբուրգում կայացած 117-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հուսով է, թե Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան խնդրի շուրջ: «Դատելով զուտ բանակցային փաստաթղթի բովանդակությունից եւ այնտեղ ընդգրկված սկզբունքներից, ինչպես նաեւ այն առաջընթացից, որ մենք գրանցել ենք այդ փաստաթղթի առնչությամբ, մենք հույս ունենք, որ հնարավոր է համաձայնության հասնել: Առաջընթացի մի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ բոլոր ներգրավված կողմերը հասել են այն ընկալմանն ու համաձայնությանը, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագա կարգավիճակը` հանրաքվեի ու ինքնորոշման իր իրավունքի կիրառման միջոցով»,-նշել է Օսկանյանը:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է նաեւ, որ շատ գործոններ կան, որոնք մեր լավատեսության վրա ստվեր են գցում: «Առաջինը, ես մտահոգված եմ, որ մեր բանակցությունների բովանդակությունն ու ոգին չեն համապատասխանում այն հանրային հայտարարություններին, որոնք մշտապես արվում են ադրբեջանական ղեկավարության կողմից: Երկրորդը` Ադրբեջանի կողմից անդադար հնչող հղումները խնդրի հնարավոր ռազմական լուծմանը հակառակ արդյունքն են տալիս, եթե չասեմ` վտանգավոր են: Երրորդը` Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն խթանում վստահությունը: Հակառակը` դիտավորյալ իրականացված բռնությունները, ինչպիսիք են Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում հայկական խաչքարերի կազմակերպված ոչնչացումը, անվստահությունն ավելի են սերմանում մեր ժողովուրդների միջեւ:



Այնուհանդերձ, սա սկզբունքների մասին հիմնարար փաստաթուղթ է, որը հավասարակշռված է, պարունակում է առ եւ տուրի արդար դրույթներ, եւ մենք կշարունակենք աշխատել դրա վրա»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---