Tax free. Օտարերկրացիներին վերադարձված ԱԱՀ-ն գերազանցել է 1 մլրդ դրամը

Tax free. Օտարերկրացիներին վերադարձված ԱԱՀ-ն գերազանցել է 1 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին 2016-ի հունվար-սեպտեմբերին ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է մոտ 255 միլիոն դրամ, ինչը մոտ 50 մլն դրամով գերազանցել է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Tax free համակարգի ներդրումից՝ 2014-ից, մինչ օրս վերադարձված գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Արտոնությունից օգտվել է մոտ 7000 օտարերկրացի:

Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը:

Մաքսային մարմինը Tax free invoice կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի Tax free հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

Tax free համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---