Լիբանանում կարող է սկսվել հերթական պատերազմը

PanARMENIAN.Net - Կիրակի ուշ երեկոյան Բեյրութի քրիստոնեական թաղամասում առեւտրի կենտրոնի հարեւանությամբ պայթյուն է հնչել, որի արդյունքում զոհվել է մի 63-ամյա կին, 10 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ֆրանս պրեսը»: Պայթուցիկ սարքը դրված է եղել առեւտրի տան մոտ կայանած մեքենաներից մեկի տակ: Կենտրոնի հարեւանությամբ գտնվող տան պատը փլվել է կնոջ վրա, թողնելով նրան փլատակների տակ: Երեկոյան պաղեստինյան փախստականների Նահր ալ Բարիդ ճամբարում, որ գտնվում է Տրիպոլիից ոչ հեռու, Լիբանանի կանոնավոր բանակի եւ իսլամիստ գրոհայինների փոխհրաձգության ժամանակ զոհվել է 48 մարդ: Այդ հակամարտությունը դարձավ Լիբանանի ամենախոշոր ներքին բախումներից մեկը 1975-1990 թվականներից ի վեր:



Մայիսի 20-ին Սիրիայի կառավարությունը հրահանգել է ժամանակավորապես փակել անցակետերը Լիբանանի սահմանում, հաղորդում է The Jerusalem Post-ը: Սիրիայի իշխանությունների այդ որոշումն երկրի ներքին գործերի նախարարը բացատրել է «Սիրիայի եւ Լիբանանի բնակիչների անվտանգության ապահովման ձգտմամբ»:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Բեյրութի հայ համայնքում զոհվածներ եւ վիրավորներ չկան: «Սակայն իրավիճակը շատ լուրջ է, մտավախություն կա, որ կարող է նոր պատերազմ սկսվել»,-նշել է Քանդահարյանը` հավելելով, որ վիճակը ավելի պարզ կդառնա մայիսի 21-ի երեկոյան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---