ՀՀ դեսպան. Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարվածում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հեղինակությանը

ՀՀ դեսպան. Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարվածում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հեղինակությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով է հանդես եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:

Նիստում ելույթ է ունեցել նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունն է հրավիրել ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության վրա:

Մասնավորապես, Կիրակոսյանն ընդգծել է, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի դեսպանն ափսոսանք է հայտնել, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---