Երաժշտական weekend. Ջազ, նորից ջազ, կիսամարաթոն և ֆիլմեր![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերը հաճելի անակնկալներ է մատուցում հայաստանցիներին. ամսվա սկզբից երկրում գրեթե ամառային եղանակ է, որը, սակայն, այս հանգստյան օրերին մի քիչ կփոխվի դեպի վատը, բայց դրա հետ մեկտեղ Երևանում մեկնարկել է Yerevan Jazz Fest 2016 փառատոնը, որը չի թողնի երաժշտասերներին տրվել մելանխոլիային: PanARMENIAN.Net ը մանրամասն ներկայացնում է գալիք weekend-ի առավել նշանակալի միջոցառումները: Փառատոնաշատ weekend Երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնը 2016-ին նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին, որը եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը: Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջուոթերի համերգով: Հոկտեմբերի 14–ին երևանցիներին սպասվում է բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։ Հոկտեմբերի 15-ին Ա. Խաչատրյանի անվ. Համերգասրահում հանդես կգան Լևոն Մալխասյանի ջազ բենդը, «Չիկոն & ընկերները», երգչուհի Ալինա Ենգիբարյանը, «Թավիթջան եղբայրներ»-ն ու Մորիս Փլեժրը: Սկիզբը՝ ժամը 19:00-ին, տոմսերը արժեքը՝ 2000-10000 դրամ: Հոկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ի համերգային դահլիճում տեղի կունենա «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջոս Սթոունի մենահամերգը: Տոմսերը արժեքը՝ 3000-50000 դրամ: Հոկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի MY MUSIC FEST 2016 երկրորդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում հանդես կգան Marbey & Free Form Band-ը, Musicology-ն, Project 12-ը, Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը, Funkabout-ը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները և այլոք: Փառատոնը կշարունակվի մինչև 23:00, մուտքն ազատ է: Քաղաքը ջազ ու ռոք է լսում Երևանի ժամանցի վայրերում նկատվում է նոր տենդենց. ավելի հաճախ են դարձել ջազի երեկոները: Այս weekend ջազը, կարծես, գրավել է ողջ մայրաքաղաքը: «Երևան Ջազ Ֆեստ»-ի շրջանակներում «Մեցցո» ակումբում հոկտեմբերի 15-ին ժամը 21:00-ին հանդես կգան «Թավիթջան եղբայրներ»-ն ու կոմպոզիտոր Մորիս Փլեժրը:Տոմսերի արժեքը 3000-6000 դրամ է: Իսկ հոկտեմբերի 16-ին նույն տեղում կկայանա Ջոս Սթոունի մենահամերգի afterparty-ն, որի ժամանակ հանդես կգա «Մեցցո» բենդը, իսկ հայտնի ջազ երգչուհին լինելու է երեկոյի հատուկ հյուրը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ: «Կամի» երաժշտական ակումբում սեպտեմբերի 15-ին հանդես կգան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ: Հոկտեմբերի 16-ին նույն տեղում հանդես կգա Mojo բենդը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ: Բոլոր նրանց, ովքեր ուզում են կտրվել ջազից, առաջարկում ենք այցելել Stop Club, որտեղ հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա հայկական հայտնի ռոք խմբերից մեկը՝ «Որդան Կարմիրը»: Երեկոն կսկսվի ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ: Երևանի կիսամարաթոն Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը։ Այն կմեկնարկի ժամը 08:30-ին Հանրապետության հրապարակից: Անցնելով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում: Մրցույթը կշարունակվի մինչև ժամը 13:30-ը: Կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 3000 վազորդ: Ակտիվ մասնակցություն կլինի նաև ՌԴ-ից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից: Երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով: Սկսնակները կփորձեն 5 և 10 կմ անցնել, իսկ փորձառու վազորդները կհաղթահարեն ամբողջ` 21.1 կմ վազքուղին: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզական տուրիզմը, սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնել և այդպիսով ամրապնդել նրանց կապը հայրենիքի հետ: Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից, որի շնորհիվ այն կստանա միջազգային կարգավիճակ: Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվել է 2015-ի հոկտեմբերի 4-ին: Կինոսերների համար Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Այս հանգստյան օրերին առավել ակտիվ կինոսերներին առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Ինֆեռնո» (Inferno), «Արագիլները» (Storks), «Անպետքները» (Суперплохие), «Ֆրանց» (Frantz), «Միսս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը» (Miss Peregrine's Home for Peculiar Children), «Մի խելագարի պատմություն» (Don’t tell me the Boy was mad), «Խառնակիչները» (Masterminds), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line): Շոփինգ Ամառային զեղչերն ավարտվել են, սակայն շոփինգի սիրահարները դեռևս հնարավորություն ունեն օգտվել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող որոշ խանութ-սրահների վերջին՝ հավելյալ զեղչերից: Այսպես, Accessorize, New Look, New Yorker, Armani Exchange, Bossini, Celio, Promod, F&F, Women'secret, Aldo, Baldi խանութներում դեռ կարելի է ձեռք բերել զեղչված տեսականին, որոշ խանութներ առաջարկում են 70% և ավել զեղչ: Հավելենք նաև, որ բոլոր խանութ-սրահները համալրվել են աշնանային նոր տեսականիով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |