Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է երկու հարց` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը և «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» որոշումը:

ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

«Մենք ձևակերպել ենք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր ծանրաձող, որը բարձրացնելու համար պետք է կոնցենտրացնենք մեր ներուժը»,-ընդգծել է վարչապետը և հորդորել գերատեսչությունների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի իրականացմանը.«Հաշվետվություն ենք տալու, ժամանակը գալու է, պետք է բացատրենք՝ ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչը պրակտիկորեն պետք է բացառե'նք»:

Կառավարության արտահերթ նիստի երկրորդ հարցով էլ որոշվել է հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---