Վանում գանձագողերն ավիրում են 200-ամյա ժայռափոր եկեղեցին

Վանում գանձագողերն ավիրում են 200-ամյա ժայռափոր եկեղեցին

PanARMENIAN.Net - Վան նահանգի Բահչեսարայ գավառի Ալթընդերե թաղամասի ճանապարհի վրա գտնվող 200-ամյա հայկական ժայռափոր եկեղեցին, որը հայտնի է նաև Սպիտակ եկեղեցի կամ քրդերեն Դերա Գելի անուններով, ավիրվում է գանձագողերի կողմից: Այդ մասին «Դիջլե» լրատվական գործակալությանը հղումով հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` եկեղեցու ներքին և արտաքին պատերին անպարկեշտ գրություններ են արված, կառույցի բազմաթիվ հատվածներ վնասվել են գանձ որոնողների կողմից, իսկ հովիվներն այն որպես ախոռ են օգտագործում:

Աղբյուրի փոխանցմամբ, եկեղեցին թողնվել է ճակատագրի քմահաճույքին, իսկ իրավասուները ոչ մի բան չեն ձեռնարկում այն փրկելու ուղղությամբ:

2016-ի հոկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ թուրք գանձախույզների նոր թիրախ է դարձել Բիթլիս նահանգի Մուտքի շրջանի Քովանլը գյուղում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները: Եկեղեցու մոտ և գերեզմաններում մինչև 3 մետր խորությամբ հորատումներ են արվել:

1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել: Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։

2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը: Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:

Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն: Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---