Իրաքի վարչապետ. Անկարայի ներխուժման դեպքում Թուրքիան կարող է մասնատվել![]() 2 նոյեմբերի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Եթե թուրքական զորքերը ներխուժեն Իրաք, Թուրքիան կմասնատվի: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: «Թուրքիայի ցանկացած ներխուժումն Իրաք կհանգեցնի բուն Թուրքիայի փլուզմանը»,-ասել է Ալ Աբադին, որին մեջբերում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Նա ընդգծել է, որ Իրաքը «Թուրքիայի հետ պատերազմ չի ցանկանում», սակայն եթե Անկարան դա ուզում է, ապա «Բաղդադը պատրաստ է»: Իրաքի վարչապետի հայտարարությունը հնչել է ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունների ֆոնին, որ Անկարան մեծաքանակ զրահատեխնիկա և տանկեր է տեղափոխել Իրաքի սահմանի մոտ: Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ տվյալները: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկի, անհրաժեշտության դեպքում Անկարան «կարող է հզորացնել իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիկա ռազմական ճամբարում»: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքերն, ուղղված լարվածության թուլացմանն Իրաքի հետ հարաբերություններում, որն առաջացել է Բաշիկայում թուրք զինվորականների ներկայության պատճառով: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել էր.«Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |