Զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ

Զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարները կտրուկ կավելանան:

Ինչպես ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:

Գործող օրենսդրությամբ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելիս զոհվելու դեպքում զինծառայողի ընտանքին միանվագ հատկացվող ապահովագրական գումարի չափը 2 միլիոն դրամ է, իսկ ծառայողական պարտականություններ կատարելու դեպքում զոհվելիս` 1 միլիոն դրամ:

Ինչպես նաև տրամադրվում է 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով:

Առաջին խմբի հաշմանդամին տրամադրվում է 500 հազար, երկրորդ խմբին` 400 հազար, երրորդ խմբին` 300 հազար դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---