Գինեգործության ոլորտը՝ ռուս և լեհ բլոգերների ու լրագրողների ուշադրության կենտրոնում

Գինեգործության ոլորտը՝ ռուս և լեհ բլոգերների ու լրագրողների ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ից 10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով ՀՀ-ում էին Ռուսաստանում և Լեհաստանում գինեգործության ոլորտը լուսաբանող հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այցի նպատակն էր այս երկրների համապատասխան տեղեկատվական հարթակներում աշխատող մարդկանց Հայաստանը ներկայացնել իբրև գինեգործական հնագույն պատմությամբ ու ավանդույթներով երկիր, որտեղ արտադրվող գինին միջազգային շուկայում մրցունակ լինելու համար ունի բոլոր նախադրյալները: Խորհրդային տարիներին Կովկասյան տարածաշրջանի երկրներից որպես գինեգործական երկիր ավելի շատ Վրաստանն էր գովազդվում, Հայաստանի դեպքում շեշտադրում կատարվում էր կոնյակի վրա: Նորաստեղծ հիմնադրամի գործառույթների շարքում է նաև մեծացնել հայկական գինու մասին տեղեկացվածության մակարդակը արտասահմանում ու դրանով իսկ գտնել արտահանման համար նոր շուկաներ:

«Հոկտեմբերին նմանատիպ ճանաչողական այցով Հայաստան էին եկել եվրոպացի բլոգերները: Նախորդ այցը տվեց իր առաջին արդյունքն ու հայկական գինու և գինեգործության մասին հոդվածները հայտնվեցին եվրոպական ինֆո հարթակներում»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Ղևոնդյանը:

Երկրորդ այցը ռուսների ու լեհերի համար էր, որովհետև այս շուկաները արտահանման տեսանկյունից նպատակային են հայկական գինու համար: «Բլոգերներն այցելել են Արենի, որտեղ ծանոթացել են հնագիտական պեղումների արդյունքում գտնված մոտ 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործական արտադրական համալիրին, եղել են գինեգործությամբ հայտնի շրջաններում: Իսկ այցի վերջում հայկական գինու համի ու հոտի մասին պատկերացում կազմելու համար բլոգերները անցկացրել են տեղական արտադրության գինիների համտես»,- մանրամասնել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

Բլոգերների այցի արդյունքում հայկական գինեգործության ու գինու մասին անդրադարձեր կհայտնվեն նաև ռուսական ու լեհական տեղեկատվական դաշտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---